16.10.2013

Ասում են, որ շունը մարդու ընկերն է, բայց ես էլ չեմ հավատում ...

 « Իմ որդին` Էդմոնը, դժվարությամբ է տնից մենակ դուրս գալիս, նույնիսկ երբ հետն եմ լինում, շուն տեսնելիս մի պահ կանգ է առնում, ձեռքս բռնում հետո շարունակում քայլել » ,-  պատմում է  9- ամյա Էդմոն Դոխոլյանի մայրը` Գոհար Բաղդասարյանը: 
Վանաձորի  Դիմաց թաղամասի Շինարարների փողոցում, դպրոցից տուն գալիս Էդմոնի վրա էր հարձակվել թափառող շների խումբ, երեխան հազիվ էր ազատվել ու տուն վազել: Շները քաշքշել էին պայուսակը, ճանկռոտել ձեռքերը: 
Այս դեպքը երեխայի մոտ մեծ  հիասթափություն է առաջացրել  շների հանդեպ.
 «  Նա ընդամենը 1 ամիս առաջ  խնդրում էր, որ շուն առնենք, իսկ հիմա այլևս չի հիշեցնում այդ մասին» ,- նշեց Էդմոնի մայրը : 
Էդմոնի դեպքը միակը չէ. Երրորդ մաս թաղամասում շները հարձակվել և կծել են 14-ամյա  Արեն Թորոսյանին, երեխային տեղափոխել են հիվանդանոց, բուժման համապատասխան կուրս է անցել: 
« Արդեն մթնում էր, տուն էի գնում, աղբանոցի մոտ շներ կային հավաքված, բայց ուշադրություն չդարձրի, դրանցից մեկը վազեց հետևիցս, մնացած էլ նրա հետևից, դրանցից էլ պրծում չկար »,- ասաց Արենը: 
Այս խնդրի վերաբերյալ անցկացված սոցհարցման արդյունքում պարզ դարձավ, որ շները շատ են խանգարում և շատ հաճախ, մանավանդ, ծայրամասային թաղամասերում: 
Ինչպես ասաց ուսանողուհի Մարինե Շահնազարյանը, որ ապրում է Հուշարձան թաղամասում,գիշերները շատ են հաչում, խանգարում մարդկանց քունը, աղբի զամբյուղներին ընդհանրապես մոտենալ չի լինում: 
Հայկ Մարուքյանի կարծիքով, ով ապրում է Բազում թաղամասում`  շները  փոքրիկներին  շատ են նեղացնում, հազար տեսակ վիրուս կա, հարձակվում են, կծում: 
Իսկ Տարոն 4 թաղամասի բնակիչ  Սեդրակ Մելքոնյանն ասաց. « Հա դե մեկ էլ տեսնում ես էրեխեքի, կամ սրա-նրա տոպրակի հետևից են ընկել, անդաստիարակ են էլի» :  
Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ և բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը նշեց,  որ նախորդ  տարվա համեմատ այս տարի թափառող շների թիվը որոշակի չափով նվազել է :  2012 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին վնասազերծվել են 1893, իսկ 2013 թվականին` 950 շներ:
«Այս տարի ահազանգերի թիվը կրճատվել է և  միայն մի քանի դեպքեր են գրանցվել կապված   «կծած »  մարդկանց թվի հետ » ,- ասում է Լյովա Մելիքյանը: 
Երբ ահազանգ  է լինում, կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժինը տեղյակ է պահում որսորդին, որն էլ զբաղվում է վնասազերծման աշխատանքներով: Այդ ամենը իրականացվում է բացառապես կրակելու միջոցով:
Վանաձորցիները միանգամայն դեմ են շներին վերացնելու եղանակին: Ինչպես նշեց մանկավարժ Սեդա Գրիգորյանը` դրանք էլ շունչ են, ավելի լավ է հավաքեն, պահեն:
Բոլորն էլ առաջարկում են խնդրի լուծման նույն տարբերակը` մարդկանցից հեռու վայրում, տեղ հատկացնեն, պահեն: 

Комментариев нет:

Отправить комментарий