17.03.2016

ԵՍ ԵՄ, ԵԿԵԼ ԵՄ…

Ժիրայր Անանյանի 1997թ-ի բեմադրած հեռուստաթատրոն՝ «Ես եմ, եկել եմ …»

1959-80-ին Ժիրայր Անանյանն աշխատել է ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, սկզբում որպես խմբագիր, ավագ խմբագիր, ապա՝ գրականության և արվեստի բաժնի վարիչ։ Նրա առաջին պիեսը «Դիպլոմի համար», բեմադրվել է 1956-ին Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ուսանողական բեմում։ Նրա բեմադրած հայտնի կատակերգություններից են «Տաքսի, տաքսի» («Սերը ճամպրուկի մեջ»), «Անծանոթ ամուսիններ»,  «Կարուսել», «Ես եմ, եկել եմ» և այլն:


Երևանի Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում 1992-ին տեղի է ունեցել Ժիրայր Անանյանի «Իմ տունը քո տունը չէ» պիեսի 500-րդ ներկայացումը, իսկ «Տաքսի, տաքսի» կատակերգության 600-րդը՝ 1997-ին՝ Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

«Ես եմ, եկել եմ» ներկայացումը մերկացնում է 90-ականների Հայաստանի վիճակը, կոպիտ ասած՝ «ինչքան որ պետք էր, դրել եմ ծրարի մեջ և բերել եմ…» 

Կարճ ասած՝ «Կտաք՝ կտանք, չեք տա՝ չենք տա»-ի պատմություն:

Իրականում ինչի մասին է խո՞սքըԿաշառքի, կաշառք տալու և կաշառք վերցնելու, որի արդյունքում ստեղծվում է գլուխկոտրուկ, կամ հանելուկների մի ամբողջ կծիկ՝ ով ո՞ւմ տվեց, ինչո՞ւ տվեց, ինչքա՞ն տվեց և արդյո՞ք ճիշտ հասցեատիրոջը տվեց:

Գլխավոր դերում ՀՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանն է, որը հայ բեմի ամենաճանաչված կատակերգակներից է և հայ ժողովուրդը նրան «հոգաչափ» շնորհակալ է: Նա կերտում է Շմավոն Գինոսյանի, հայ տղամարդու այնպիսի կերպար, որը ընտանիքի համար հազիվ «ծայրը ծայրին» է հասցնում, գիշերային հերթապահ աշխատելով: Երկու տեղ է աշխատում, որ գոնե մեկ ամբողջական, բավարար աշխատավարձ ստանա և հիմա «ցերեկային» աշխատանք է փնտրում: Մարդ, որը իրավիճակից բացարձակ գլուխ չի հանում, մարդ, որ կյանքում կաշառք տված և ստացած չէ և չգիտի դրա ձևը: Ինչպես ինքն է ասում. «ես այդպիսին չեմ, վիճակս վիճակ չի..»:  

Նրա խաղընկերուհին  հայ անվանի դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ծիծաղի թագուհի Սվետլանա Գրիգորյանն է, որը հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է միջազգային մրցանակների։ Նա մարմնավորում է պաշտպանող, կռվող, ընտանիքի համար ամեն ինչի պատրաստ հայ կնոջ կերպար, որը ոչ մի բանի առաջ կանգ չի առնում ամուսնու թիկունքին կանգելու համար:

Հայաստանը ոչ մի անգամ էլ չի փայլել իր աշխատողների ազնվության ու արդարության տեսանկյունից՝ գողացել են, ով ումից և ինչքան հասցրել է: Հենց սա էլ հեղինակը նպատակ է ունեցել ցույց տալու ժողովրդին, այսինքն՝ հասարակության բոլոր շերտերի իրական դեմքը, առանց դիմակի, այնպիսին ինչպիսին կա … և ընդհանրապես զարմանալի չէ, որ այս ճշմարտությունը միշտ արդիական է:

Ներկայացումը ոչ ոքի չվիրավորող, անմեղ ու իրական հումոր է պարունակում: Ասում են.« էլ ի՞նչ կատակ, որի կեսը լուրջ չլինի»  …

Կատեկերգության դիտումից հետո միայն մի բան ես մտածում՝ կատակ կա՝ լրիվ լուրջ է, լուրջ էլ կա՝ լրիվ կատակ … 

Комментариев нет:

Отправить комментарий